Ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություն

Ջրի որակ

     Երևան Ջուր ՓԲԸ-ի համակարգում ջուրը ստացվում է մեծամասամբ լեռնային աղբյուրներից, լիովին համապատասխանում է խմելու ջրի Հայաստանում գործող Սանիտարական նորմերին և կանոններին ու մատակարարվում է սպառողներին, առանց լրացուցիչ մաքրման: Այնուամենայնիվ, ջրի անվտանգությունն ապահովելու նպատակով, աղբյուրներում  քլորակայանների միջոցով կանխարգելիչ նկատառումներով ջուրը քլորացվում է` ապահովելով վերջինիս մեջ 0.3-0.5 մգ/դմ3 մնացորդային քլորի առկայություն: 

05.04

     Դրանից բացի, ընկերությունն ունի արդիական սարքավորումներով հագեցած խմելու ջրի լաբորատորիա, որտեղ տարեկան կատարվում է 17,000-18,000 ջրի որակի ֆիզիկա-քիմիական և կենսաբանական փորձաքննություն:
Ջրի որակը համակարգում ստուգվում է հետևյալ հաճախականությամբ.

1. Ամեն երկու ժամը` մայրաքաղաքի բոլոր 27 օրվա կարգավորիչ ջրամբարներում (ՕԿՋ)՝ սպասարկող օպերատորների կողմից,
2. Ամեն օր` բոլոր ՕԿՋ-ներում և քաղաքային բաշխիչ ցանցի 15-18 կետերում՝ ջրի լաբորատորիայի կողմից,
3. Յուրաքանչյուր եռամսյակ` բոլոր ջրաղբյուրներում՝ ջրի լաբորատորիայի կողմից,
4. Բոլոր նոր ջրագծերի կառուցումից, ՕԿՋ-ների լվացումից, բաշխիչ ցանցի վերանորոգումից կամ այլ տեխնիկական աշխատանքներ կատարելուց հետո՝ ջրի լաբորատորիայի կողմից:
     Այս ամենի շնորհիվ ընկերության գործունեության 10-րդ տարվա ընթացքում համակարգում չի արձանագրվել ջրի որակի էական խախտման որեւէ դեպք: