«Նովոսելցովո-Վանաձոր» ջրատար. վթարի վերացման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ տրամագծով մայրուղային ջրատարը, որով պայմանավորված դադարեցվել է Վանաձորի սպառողների մոտ 60 տոկոսի և հարակից 13 բնակավայրերի ջրամատակարարումը:

Ինչպես քիչ առաջ Վանաձորից տեղեկացրեց Վեոլիա Ջուր ՓԲԸ «Լոռի» շահագործման տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը, ահազանգը ստացվել է 911 ծառայության միջոցով, որից անմիջապես հետո տագնապով ոտքի է հանվել տեղամասի ողջ աշխատակազմը:

Ու քանի որ վթարի պատճառով փակվել էր ջրատարին հարակից Վանաձոր-Ալավերդի Մ6 միջպետական ճանապարհը, առաջին հերթին ձեռնարկվել են միջոցներ ճանապարհը մաքրելու ու երթևեկությունը վերականգնելու նպատակով: Ընդ որում, Վեոլիային այստեղ զգալի օգնություն է ցույց տվել «Լոռի» ճանշինը, տեղում եղել են ու մշտապես հետևել տարվող աշխատանքներին ՀՀ ԱԻՆ-ի, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները:

Դրանից հետո սկսվել է բուն վթարի վերացումը, որի պատճառը թերևս սողանքն է եղել: Արդեն երրորդ անգամ վերջին տարիներին: Խողովակներն այստեղ իրարից հեռացել են մոտ 15 սմ, ավելին, վերջիններս նաև զգալի դեֆորմացվել են, ինչը դժվարեցնում է աշխատանքը: Բայց դե Վեոլիան նմա՞ն վթարներ է վերացրել, ջրմուղագործները այս գործում, ինչպես ասում են, եփված մարդիկ են, քիչ հիմնարկներ կան, որ կարող են պարծենալ նման մասնագետներով, հատկապես եռակցողներով: Դրա համար էլ գործը թափով առաջ է գնում:

Ողջ գիշեր տրակտորների և «դվիժոկների» լուսարձակների լույսի ներքո «Լոռի» տեղամասի մասնագետները, իրար հաջորդելով, աշխատել են: Առավոտյան ժամը մոտ 10-ին այս գերհոգնած մարդկանց փոխարինել է վթարային բրիգադը Ստեփանավանից, իսկ գյումրեցի ջրմուղագործները ուրորէ պետք է տեղ հասնեին: Մի խոսքով, ոչ մի րոպե երեկոյան ժամը 17-ից չեն դադարել վթարի վերացման աշխատանքները: Ըստ Ալեքսանդր Բաղդասարյանի, տեղամասն ապահովված է ամեն ինչով. թիկունքում Վեոլիա ջուրն է իր ստորաբաժանումները, և հույս կա, որ 5-6 ժամից խողովակաշարը կվերագործարկվի, իսկ ջրամատակարարման գրաֆիկը կվերականգնվի մոտ 10 ժամից. Շատ ավելի շուտ, քան հայտարարվել է: